Ի՞նչ պետք է իմանան պացիենտները ռոբոտային վիրահատությունների մասին

Բարձր տեխնոլոգիական վիրաբուժությունը՝ արդեն մեր կենտրոնում. ի՞նչ պետք է իմանան պացիենտները ռոբոտային վիրահատությունների մասին
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը համալրվել է ժամանակակից վիրաբուժական ռոբոտային համակարգով, որի միջոցով արդեն իրականացվում են ընդհանուր վիրաբուժական և ուրոլոգիական վիրահատություններ։ Թե ինչ հնարավորություններ է ստեղծում այս տեխնոլոգիան, ինչպես է այն փոխում վիրաբուժության հնարավորությունները և ինչ առավելություններ է ապահովում պացիենտների համար, զրուցել ենք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ վիրաբուժության գծով, ՀՀ առողջապահության նախարարության խորհրդատու՝ ընդհանուր վիրաբուժության գծով Գրիգոր Պապոյանի հետ։
– Պարոն Պապոյան, ի՞նչ է իրենից ներկայացնում ռոբոտային վիրաբուժությունը։
– Ռոբոտային վիրաբուժությունը ժամանակակից վիրահատական տեխնոլոգիա է, որը վիրաբույժին հնարավորություն է տալիս առավել ճշգրիտ և վերահսկելի կատարել բարդ վիրահատություններ։ Կարևոր է նշել, որ վիրահատությունը չի կատարում ռոբոտը. այն ամբողջությամբ ղեկավարում և վերահսկում է վիրաբույժը։ Ռոբոտային համակարգը բարձր տեխնոլոգիական գործիք է, որն ընդլայնում է վիրաբույժի հնարավորությունները և բարձրացնում միջամտությունների ճշգրտությունը։
- Ինչո՞վ է այն տարբերվում ավանդական կամ լապարոսկոպիկ վիրահատություններից:
- Ռոբոտային համակարգը վիրաբույժին տրամադրում է բարձր որակի եռաչափ պատկեր, որը թույլ է տալիս մանրամասն տեսնել վիրահատական դաշտը։ Բացի այդ, ռոբոտի գործիքներն ունեն շարժման մեծ ճկունություն և ճշգրտություն, ինչը հատկապես կարևոր է նուրբ անատոմիական կառույցների հարևանությամբ աշխատելիս։
Ռոբոտատեխնիկական համակարգի միջոցով հնարավոր է իրականացնել լապարոսկոպիկ եղանակով կատարվող բոլոր տեսակի վիրահատությունները։ Նեղ տարածություններում ռոբոտային գործիքները թույլ են տալիս կատարել օրգանապահպան և նյարդապահպան վիրահատություններ՝ այլ մեթոդների համեմատ ապահովելով կյանքի որակի բարելավում։
Մեր կենտրոնում ռոբոտատեխնիկայի կիրառմամբ իրականացվում են որովայնի խոռոչի օրգանների բոլոր տեսակի վիրաբուժական, ուռոլոգիական և ուռուցքաբանական վիրահատությունները։ Վիրահատություններն ընդգրկում են՝ հաստ աղիքի, ստամոքսի, 12-մատնյա աղիքի, ենթաստամոքսային գեղձի, կերակրափողի, երիկամների, շագանակագեղձի, միզապարկի և միզածորանների, մակերիկամների, արգանդի և ձվարանների հատվածում։
Հարկ եմ համարում հավելել, որ մենք իրականացնում ենք վիրահատությունների ողջ սպեկտրը, այդ թվում՝ գինեկոլոգիական և օնկոգինեկոլոգիական միջամտությունները։
ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ և ՆՐԱՆՑ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՈՒ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾՈՆ Է ԱՅՆ, ՈՐ ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ԱՄԵՆԱՄԵԾ ՓՈՐՁԸ. ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ԱՐՏԵՐԿՐԻ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ՝ ԵՍ ԴԵՌ 2011 ԹՎԱԿԱՆԻՑ ՍԿՍԵԼ ԵՄ ԱՇԽԱՏԵԼ «ԴԱ ՎԻՆՉԻ» (DA VINCI) ՌՈԲՈՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ։
- Ի՞նչ առավելություններ են ստանում պացիենտները։
- Ռոբոտային վիրաբուժությունը շատ դեպքերում պացիենտներին ապահովում է մի շարք կարևոր առավելություններով.
- ավելի փոքր կտրվածքներ,
- նվազագույն արյունահոսություն,
- հետվիրահատական ավելի քիչ ցավ,
- վարակային բարդությունների նվազեցված ռիսկ,
- հիվանդանոցում գտնվելու ավելի կարճ ժամկետ,
- առօրյա կյանքին և աշխատանքին ավելի արագ վերադարձ։