Ազդարարիր

Անվտանգ բժշկական օգնություն՝ ամբողջ կյանքի ընթացքում

Սեպտեմբերի 17-ին նշվում է Պացիենտների անվտանգության համաշխարհային օրը։ 2026 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ուշադրության կենտրոնում են առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունները, մասնավորապես՝ արյան շրջանառության և շնչառական համակարգերի հիվանդությունները, շաքարային դիաբետը և չարորակ նորագոյացությունները, որոնք ամբողջ աշխարհում մահացության դեպքերի շուրջ 74%-ի պատճառ են հանդիսանում։ ԱՀԿ վիճակագրություն․
  • Աշխարհում յուրաքանչյուր 10-րդ պացիենտը բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս ենթարկվում է այս կամ այն վնասին, որի շուրջ 50%-ը հնարավոր է կանխել:
  • Քրոնիկ հիվանդություններ ունեցող պացիենտներն ավելի խոցելի են, քանի որ տարիներ շարունակ բուժում են ստանում և հաճախակի են դիմում բուժհաստատություններ։
  • Որոշ հիվանդությունների, հատկապես քաղցկեղի դեպքում, բուժօգնության հետ կապված անբարենպաստ պատահարների ռիսկին կարող է ենթարկվել յուրաքանչյուր 3-րդ պացիենտը:
Ահա թե ինչու 2026 թվականի համաշխարհային արշավն ընթանում է «Անվտանգ բժշկական օգնություն՝ ամբողջ կյանքի ընթացքում» կարգախոսով։ Ձեր անվտանգության ապահովումը մեր ամենօրյա աշխատանքի կարևորագույն առաջնահերթություններից է։ Ինչպե՞ս ենք նվազեցնում ռիսկերը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում․ Բուժօգնության բարձր որակ և թիմային աշխատանք․ Ապահովում ենք բազմամասնագիտական թիմերի համակարգված և արդյունավետ աշխատանքը՝ քրոնիկ հիվանդություններ ունեցող պացիենտների խնամքն առավել շարունակական, համակարգված և անվտանգ դարձնելու նպատակով։ Պացիենտակենտրոն մոտեցում․ Պացիենտի և նրա ընտանիքի պատշաճ տեղեկացվածությունն ու բուժման պլանավորմանն ակտիվ մասնակցությունը նպաստում են անբարենպաստ պատահարների ռիսկի նվազեցմանը։ Պացիենտի անվտանգությունը մեկանգամյա գործողություն չէ․ այն բուժաշխատողների, պացիենտի և նրա հարազատների միջև շարունակական համագործակցություն և համատեղ պատասխանատվություն է։
Կիսվել՝