Ռոբոտացված վիրաբուժությունը օնկոլոգիական բարդ դեպքերում. Ռոբոտային վիրաբուժության ոլորտում մեր փորձառու թիմը՝ ONCO MEET 2026 գիտաժողովին:

Օրերս MedMeet 2026-ի շրջանակում անցկացվեց տարածաշրջանային առողջապահական ոլորտի կարևոր իրադարձություններից մեկը՝ ONCO MEET 2026 մասնագիտական գիտաժողովը, որը մեկ հարթակում էր համախմբել առաջատար բժշկական հաստատությունների ներկայացուցիչներին, փորձառու բանախոսներին և ոլորտի մասնագետներին։
Միջոցառման կազմակերպիչն էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի Գլխի և պարանոցի վիրաբուժության ծառայության ղեկավար, վիրաբույժ-ուռուցքաբան Արամ Բադալյանը։
Գիտաժողովի ընթացքում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի առաջատար բաժանմունքների և ծառայությունների ղեկավարները ներկայացրին իրենց մասնագիտական փորձը՝ անդրադառնալով ռոբոտ-ասիստացված համակարգերի կիրառմանը, մինիմալ ինվազիվ վիրաբուժության ժամանակակից մեթոդներին և օնկոլոգիական բարդ խնդիրների լուծման նորարարական մոտեցումներին։
Ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, վիրաբուժական հարցերի գծով տնօրենի տեղակալ, ՀՀ ԱՆ խորհրդատու ընդհանուր վիրաբուժության գծով Գրիգոր Պապոյանը ներկայացրեց ծավալուն աշխատանք՝ «Ռոբոտային, թե՞ լապարոսկոպիկ վիրաբուժություն. ո՞րն է ընտրության մեթոդը հաստ աղիքի քաղցկեղի վիրաբուժական բուժման ժամանակ» թեմայով։
Ուրոլոգիայի բաժանմունքի ղեկավար Հովհաննես Մկրտչյանն իր ելույթում ներկայացրեց «Երիկամի ռեզեկցիայի երեք դարաշրջանները՝ բաց, լապարոսկոպիկ և ռոբոտ-ասիստենտ վիրաբուժություն» թեման։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մասնագետները շարունակաբար կատարելագործում են իրենց գիտելիքներն ու հմտությունները՝ հետևելով վիրաբուժության ոլորտի նորագույն զարգացումներին և կիսվելով մասնագիտական փորձով։