Նոր էջ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ախտորոշիչ ծառայությունում․ պաշտոնապես բացվեց նորացված լաբորատորիան

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այսօր տեղի ունեցավ արդիականացված և աշխատանքային նոր գրաֆիկով գործող լաբորատորիայի պաշտոնական բացման արարողությունը։
Միջոցառմանը մասնակցում էին ԲԿ-ի տնօրեն Նարեկ Զեյնալյանը, տնօրենի տեղակալներ Դավիթ Մելիք-Նուբարյանը, Վանանդ Կարապետյանը, Պետրոս Մանուկյանը, Արմեն Գասպարյանը, Սարգիս Ղազարյանը և բուժանձնակազմի ներկայացուցիչները։
Կարմիր ժապավենը կտրեց կենտրոնի տնօրեն Նարեկ Զեյնալյանը՝ ազդարարելով ախտորոշիչ ծառայությունների մատուցման նոր՝ առավել հասանելի և քաղաքացիակենտրոն փուլի մեկնարկը։ Այնուհետև տեղի ունեցավ շրջայց, որի ընթացքում ներկայացվեցին լաբորատորիայի տեխնիկական հագեցվածությունն ու պացիենտների սպասարկման արդիականացված պայմանները։
Նորացված լաբորատորիայի առանցքային առավելություններն են․
Հասանելի գրաֆիկ․ լաբորատորիան աշխատելու է շաբաթը 7 օր, իսկ աշխատանքային օրերին և շաբաթ օրը դռները կբացվեն առավոտյան 07:30-ին՝ սովորականից 1.5 ժամ շուտ, որպեսզի քաղաքացիները հասցնեն հետազոտվել մինչև աշխատանքային օրվա սկիզբն ու խցանումները։
Երկուշաբթիից շաբաթ՝ ժամը 07:30-ից մինչև 18:00-ն
Շաբաթ օրերին՝ ժամը 07:30-ից մինչև 15:00-ն
Կիրակի օրերին՝ ժամը 09:00-ից 13:00-ն
Առանձին մուտք․ լաբորատորիան ունի անմիջապես փողոցից բացվող հատուկ մուտք՝ առանց հիվանդանոցի հիմնական մասնաշենք մտնելու անհրաժեշտության։
Հետազոտությունների լայն շրջանակ և ճշգրտություն․ ժամանակակից սարքավորումների շնորհիվ այստեղ իրականացվում են բոլոր տեսակի՝ արյան, միզասեռական և մասնագիտացված այլ հետազոտություններ։
Սա կատարյալ լուծում է հատկապես աշխատող մարդկանց համար․ այժմ կարող եք հանձնել բոլոր անհրաժեշտ հետազոտությունները վաղ առավոտյան՝ մինչև քաղաքային խցանումներն ու աշխատանքային օրվա սկիզբը։ Ընդամենը մի քանի րոպե, առանց ավելորդ հերթերի ու շտապողականության։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն շարունակում է արդիականացնել ենթակառուցվածքները՝ բուժօգնությունն ու ախտորոշումը դարձնելով առավել արագ, հարմարավետ և հասանելի։
Հասցե․ ք. Երևան, Գյուրջյան 10 (առանձին մուտք)
Զանգերի կենտրոն․ 86-03 | (011) 60-00-03 | (044) 60-03-03