1 միլիոնից ընդամենը 5-8 դեպք. անհայտ ծագման շոկից մինչև հազվագյուտ ախտորոշում
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի թիմը կիսվում է հերթական հաջողված կլինիկական դեպքով։ 32-ամյա պացիենտը բժշկական կենտրոնի Ինտենսիվ խնամքի բաժանմունք էր ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում՝ անհայտ էթիոլոգիայի (ծագման) շոկ նախնական ախտորոշմամբ։
Առավոտյան հանկարծակի սկսված օդի պակասը, արտահայտված շնչարգելությունն ու կրծքավանդակի սեղմող ցավը զուգորդվել էին զարկերակային ճնշման կտրուկ տատանումներով։ Ծանր հեմոդինամիկ խանգարումների պատճառով պացիենտին անհապաղ միացվել էր վազոպրեսորային աջակցություն և թթվածնաբուժություն։
Էխոկարդիոգրաֆիան արձանագրեց ձախ փորոքի ծանր սիստոլիկ դիսֆունկցիա՝ արտամղման ֆրակցիայի կտրուկ նվազումով։ Մեր մասնագետների կողմից կասկածվեց, իսկ ՄՌՇ հետազոտությամբ հաստատվեց բացառիկ կլինիկական պատկեր՝ ֆեոքրոմոցիտոմա-ասոցացված Տակոցուբո կարդիոմիոպաթիա։
Ֆեոքրոմոցիտոման մակերիկամի հազվադեպ հանդիպող ուռուցք է, որը վիճակագրությամբ արձանագրվում է 1 միլիոն բնակչի հաշվարկով ընդամենը 5-ից 8 դեպքում։ Այն օրգանիզմ է արտանետում տոքսիկ քանակությամբ հորմոններ՝ բառացիորեն «կաթվածահար» անելով սրտամկանի կծկողականությունը։
Բազմապրոֆիլ թիմի համակարգված պայքարը
Ճիշտ ընտրված բուժման շնորհիվ աստիճանաբար վերականգնվեց սրտի կծկողականությունն ու կայունացման ցուցանիշները։ Դրան հաջորդեց մեկ ամիս տևած խիստ նախավիրահատական պատրաստումը, ինչպես նաև ծայրահեղ բարդ ներվիրահատական հսկողությունը։
Մեր բազմապրոֆիլ թիմի՝ ադմինիստրատիվ օղակի, սրտաբանների, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների և վիրաբույժների համակարգված ու բարձր պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ պացիենտին հաջողությամբ կատարվեց ձախակողմյան ադրենալէկտոմիա (ուռուցքի հեռացում)։
Արդյունքը․ Ներկայումս երիտասարդ կինը լիովին ապաքինված է, որևէ գանգատ չունի, չի ստանում դեղորայքային բուժում և վերադարձել է լիարժեք կյանքին։