Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ծննդատանը
Սեպտեմբերի 8-ին, երբ քրիստոնյա աշխարհը նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանն այցելել է բժշկական կենտրոնի ծննդատուն։
Տոնական օրվա խորհրդով Տեր Հայրն աղոթք է բարձրացրել առ Աստված՝ նորածին փոքրիկների, նորաթուխ մայրիկների և ծննդկանների քաջառողջության ու անփորձանք կյանքի համար։
Տեր Աշոտը շնորհավորել է մայրերին կյանքի ամենանվիրական պարգևի՝ մայրության բերկրանքը վայելելու առթիվ, փոխանցել հոգևոր օրհնություն և մաղթել, որ Սուրբ Աստվածածնի հովանին անպակաս լինի բոլոր ընտանիքներից։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ծննդատանը մենք ձեր ընտանիքի կողքին ենք ամենասպասված պահերին՝ ապահովելով մասնագիտական բարձր հոգատարություն, անվտանգություն և ջերմ միջավայր։