Առաջինը Հայաստանում․ Նարեկ Զեյնալյանն ընդունել է Արագ արձագանքման բժշկական թիմի մասնակիցներին

Աղետներն ու արտակարգ իրավիճակները՝ աշխարհում աճող մարտահրավերների համատեքստում, առավել քան երբևէ ընդգծում են ճգնաժամերին արագ և արդյունավետ արձագանքող բժշկական թիմերի ձևավորման կարևորությունը։
Արագ արձագանքման բժշկական թիմերը (Emergency Medical Teams - EMT) բժիշկներից, բուժքույրերից, բուժակներից, ինչպես նաև տեխնիկական ու լոգիստիկ մասնագետներից կազմված խմբեր են, որոնք աղետի կամ արտակարգ իրավիճակի վայր հասնելով՝ առաջիններից են ապահովում անհետաձգելի բուժօգնություն։
Հայաստանում Արագ արձագանքման բժշկական թիմի ձևավորման գործընթացը մեկնարկել է 2022 թվականին։ Ռազմավարական այս նախաձեռնության նյութատեխնիկական և մասնագիտական ապահովման հենարանը դարձել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը։
Չորս տարվա ինտենսիվ ուսուցում, շարունակական վերապատրաստումներ, միջազգային չափանիշներին համապատասխան դասընթացներ և բարդ գործնական վարժանքներ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Այս ամենի արդյունքում թիմը հաջողությամբ հաղթահարել է նախաորակավորման փուլը։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրեն Նարեկ Զեյնալյանն ընդունել է կենտրոնի հենքի վրա ձևավորված թիմի մասնակիցներին։ Հանդիպման ընթացքում տնօրենը բարձր է գնահատել մասնագետների պատրաստվածությունն ու պատրաստակամությունը և իր երախտագիտությունը հայտնել կատարված ծավալուն աշխատանքի համար։
«ԱԱԲԹ-երի ռազմավարություն 2030»-ը (EMT Initiative 2030) նպատակ ունի ամրապնդել պետությունների կարողությունները՝ ազգային և տարածաշրջանային արտակարգ իրավիճակներին արագ և արդյունավետ արձագանքելու համար։
Առջևում վերջնական՝ որակավորման փուլն է։
Գործընթացի հաջող ավարտից հետո թիմը կստանա ԱՀԿ (WHO) միջազգային հավաստագիրը՝ դառնալով Հայաստանում առաջին որակավորված արագ արձագանքման բժշկական թիմը, որը պատրաստ կլինի անհրաժեշտության դեպքում ծավալվել և գործել տարբեր ճգնաժամային իրավիճակում՝ անկախ դրանց մասշտաբից և բարդությունից։