Միջազգային նշանակության նոր ձեռքբերում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի Կաթվածի համապարփակ կենտրոնի ղեկավար Լուսինե Մարտիրոսյանն ավարտել է Շվեյցարիայի Բեռնի համալսարանի կրթական ծրագիրը և հաջողությամբ պաշտպանել մագիստրոսական թեզը՝ ստանալով կաթվածի ոլորտում եվրոպական մագիստրոսի որակավորում։
2,5-ամյա այս կրթական ծրագիրը կաթվածի ոլորտի առաջատար մասնագիտական ծրագրերից է։ Այն իրականացվում է Եվրոպական կաթվածի կազմակերպության (ESO) և Բեռնի համալսարանի կողմից՝ ոլորտի առաջատար փորձագետների անմիջական մասնակցությամբ՝ Եվրոպայի առաջատար կաթվածի կենտրոններում։
Հատկանշական է, որ Լուսինե Մարտիրոսյանի թեզի գիտական ղեկավարը մեր հայրենակից, Ֆրանսիայի Centre Hospitalier sud Francilien հիվանդանոցի առաջատար նյարդաբան Մանվել Աղասարյանն է, ով նշանակալի ներդրում ունի նաև Հայաստանում կաթվածի ոլորտի զարգացման գործում։
Վստահ ենք, որ մեր գործընկերոջ նոր գիտելիքներն ու ձևավորած միջազգային մասնագիտական կապերը կնպաստեն ՍԳԼ ԲԿ-ի Կաթվածի համապարփակ կենտրոնում բուժօգնության որակի շարունակական բարելավմանը։