Ռադիոլոգիայի VIII կոնգրես. 6 զեկույց և ներկայացուցչական մասնակցություն

Հունիսի 5-ին կայացավ Ռադիոլոգիայի հայկական ասոցիացիայի կազմակերպած Ռադիոլոգիայի VIII հայկական կոնգրեսը, որը դարձավ մասնագիտական փորձի, գիտելիքների և նորարարական գաղափարների փոխանակման կարևոր հարթակ։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի գործիքային ախտորոշիչ բաժանմունքը կոնգրեսին մասնակցեց ամենամեծ կազմով , որտեղ բժշկական կենտրոնի մասնագետները հանդես եկան վեց արդիական և մասնագիտական մեծ հետաքրքրություն ներկայացնող զեկույցներով։
Գործիքային ախտորոշիչ բաժանմունքի ղեկավար Օֆելյա Ալիխանյանը հանդես եկավ հոդերի և նյարդերի ուլտրաձայնային հետազոտության հնարավորություններին և առանձնահատկություններին նվիրված զեկույցով։
ՄՌՇ ծառայության ղեկավար Անուշ Մարալյանը ներկայացրեց ծառայությունում իրականացված գիտական հետազոտության արդյունքները՝ անդրադառնալով հիպոֆիզի չափերի գնահատման գործընթացում արհեստական բանականության կիրառմանը և դրա արդյունքում ստացված հետաքրքիր տվյալներին։
Ռենտգեն ծառայության ղեկավար Ռուբեն Խաչատրյանի զեկույցը նվիրված էր «Երակային ինտրավազացիան հիստերոսալպինգոգրաֆիայի ժամանակ» թեմային՝ անդրադառնալով մեթոդի առանձնահատկություններին ու հնարավոր բարդությունների կանխարգելման միջոցառումներին։
ՀՇ ծառայության բժիշկ-ռադիոլոգ Աննա Անտոնյանը և ինվազիվ ու էնդոսկոպիկ նյարդավիրաբույժ Լեռնիկ Գրիգորյանը համատեղ զեկույցում ներկայացրին հիպոֆիզի էնդոնազալ էնդոսկոպիկ վիրահատություններից առաջ հարքթային խոռոչների ՀՇ հետազոտության կարևոր առանձնահատկությունները։ Առանձին զեկույցով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի էնդոսկոպիկ նյարդավիրաբույժ Լեռնիկ Գրիգորյանը ներկայացրեց նաև հիպոֆիզի էնդոնազալ էնդոսկոպիկ վիրահատությունների ժամանակակից մոտեցումները։
Կոնգրեսում զեկույցով հանդես եկավ նաև ՀՇ ծառայության ղեկավար Մարիաննա Հարությունյանը, ով ներկայացրեց մեզենտերիալ իշեմիայի ՀՇ ախտորոշմանը նվիրված բարդ և ուսուցողական կլինիկական դեպքեր՝ ընդգծելով կյանքին վտանգ սպառնացող այս հիվանդության վաղ ախտորոշման կարևորությունը։
Մեր մասնագետները, իրենց գիտելիքներով, փորձով և գիտական գործունեությամբ նպաստում են Հայաստանում ռադիոլոգիայի զարգացմանը։